«Չորրորդ իշխանությունը» գրում է. 

Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը վերջին շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է հանդիսացել: Խնդրի շուրջ թերթը զրուցել է ՀՀԿ խորհրդի անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գրիգոր Մինասյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

- Պարոն Մինասյան ինչպե՞ս կմեկնաբանեք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և ԱԺ հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի նախաձեռնության արդյունքում առաջացրած աղմուկը: Հիշեցնենք, որ նրանք հղում անելով համապատասխան կարգին, լրագրողներին զգուշացնում են ԱԺ տարածքում կրել հավատարմագիրը, այլապես կզրկվեն ԱԺ-ն լուսաբանելու հնարավորությունից՝ կորցնելով հավատարմագիրը:

- Ընդամենը՝ փոթորիկ մեկ բաժակ ջրում: Ինձ համար անընդունելի է լրագրողների գործունևության համար խոչընդոտների ստեղծումը, սակայն տվյալ դեպքում խոսքը գնում է որոշակի անհարամարությունների մասին։

-Խոչընդոտ չէ՞ առանձին լրագրողների ԱԺ չթողնելը կամ տեսախցիկներ անցկացնելու համար բյուրոկրատական աիմաստ քաշքշուկներ ստեղծելը։

-Հավատարմագրման ինստիտուտն ինքնին խոչընդոտ չէ և այն իրավաչափ է:

-Լրագրողներն առանց ավելորդ բարդությունների ԱԺ-ն լուսաբանում էին մինչև Հրայր Թովմասյանի գալը: Կարգն այն ժամանակ էլ կար:

-Կարծում եմ բոլոր կարգերն ու կարգավորումները պարբերաբար վերանայման կարիք ունեն։ Օրինակ, դեռևս 2009–ին ընդունված և մինչև օրս գործող ԱԺ–ում լրագրողների հավատարմագրման կարգի 18 կետը ակնհայտորեն հակասում է Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 6–րդ հոդվածին։ Ըստ այդ կետի՝ լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցվում է, եթե նա տարածել է ապատեղեկատվություն ԱԺ–ի և նրա աշխատակազմի մասին։ Սա նման է նրան, որ որևէ վարորդի արգելեն երթևեկել Աբովյան փողոցով, որովհետև տվյալ վարորդը մեկ անգամ խախտում է թույլ տվել այդ փողոցում։ Ճիշտ է, այս կետը դեռ երբևէ չի գործադրվել, բայց այն պարունակում է հակասություն օրենքի հետ և լրագրողի գործունեության խոչընդոտման իրական ռիսկ։ Հետևաբար, այս դրույթը կարիք ունի շուտափույթ վերանայման։ Կարծում եմ հենց նման դրույթների վերանայելուն են ուղղված կամ պետք է ուղղված լինեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի գործունեության միտումները։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: