«Առավոտը» գրում է.

«Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը կրկին դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով դադարեցնել պայքարը Լուգանսկի և Դոնեցկի համար, հրաժարվել Ղրիմից և փորձել առանց այդ «բալաստի» ինտեգրվել Եվրոպային: Պետք է վարվել այնպես, ինչպես վարվել է Մանենհեյմը, որը Ստալինին տվել է արևելյան և հարավային Ֆինլանդիան՝ պահպանելով մնացած երկիրը: Կամ՝ այնպես, ինչպես վարվել է Ադենաուերը, որն ի վերջո զիջեց Սովետներին Գերմանիայի մասը, բայց կառուցեց իր հզոր երկիրը: Մի դեպքում՝ Կարելիան և Ֆինլանդիան որևէ ցուցանիշով համեմատելի չեն, մյուս դեպքում՝ իրավիճակի փոփոխությունից հետո աղքատ և թերզարգացած «սոցիալիստական» Արևելյան Գերմանիան ինքը ցանկացավ դառնալ «կապիտալիստական» Գերմանիայի մաս:

Չգիտեմ, թե որքանով են Ալֆրեդ Կոխի խորհուրդները կիրառելի ուկրաինացիների համար, գիտեմ միայն, որ մեր՝ հայաստանցիներիս խնդիրը շատ ավելի բարդ է: Որովհետև Ուկրաինայում կա բնակչության մեծամասնություն, որը ձգտում է, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, դառնալ ինքնիշխան եվրոպական երկիր, և փոքրամասնություն, որն ապրում է դեռևս «սովետի» պատկերացումներով։ Ուկրաինայի դեպքում քաղաքացիների այդ՝ երկրորդ տիպը հիմնականում կոմպակտ ձևով ապրում է Ղրիմում, Լուգանսկում և Դոնեցկում, որոնցից գոնե տեսականորեն հնարավոր է հրաժարվել: Հայաստանում, սակայն, այդ «սովետական» մարդիկ նախ՝ մեծամասնություն են կազմում, երկրորդ՝ ապրում են ամենուր՝ մեր փոքրիկ երկրի բոլոր քաղաքներում և գյուղերում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: