Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 5-ին, բողոքի ցույցի դուրս եկած «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին և իր ընկերներին ձերբակալեցին: YerevanNews.am-ի լրագրողը զրույց ունեցավ Շանթ Հարությունյանի կնոջ և որդու հետ, պարզելու նրանց վերաբերմունքը դատարանի կայացրած որոշմանը:

«Ճիշտն ասած չէի պատկերացնում որ մի տարի առաջ տեղի ունեցած խաղաղ երթը այսպիսի ելք կունենա, չնայած, որ Հայաստանում արդեն ամեն ինչ կարելի է պատկերացնել: Եթե իրական հանցագործները դրսում պաշտոններ են զբաղեցնում, և ազատության մեջ անում են այն, ինչ ուզում են, բնականաբար պետք է նրանց դեմ պայքարողները հայտնվեն բանտերում՝ որպես խուլիգաններ: Ի սկզբանե խաղաղ երթից ոստիկանները կարողացան Շանթին և նրա ընկերներին մեկուսացնել՝ նրանցից վախենալով: Ինչ խոսք Հայաստանում այսպիսին է վիճակը, որ Հայաստանի ազատության համար կռվող մարտիկները հայտնվում են ճաղավանդակներից այն կողմ»,- YerevanNews.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կին՝ Ռուզան Բադալյանը:

Իր որդու մասին տիկին Բադալյանը ցավով հայտնեց, որ իր տարիքին ոչ համապատասխան ծանր բեռի տակ է մտել. «Դժվար թե իմ տղայի հասակակիցները փորձեն իրեն նմանվել: Նա էլ առանձնապես չի փորձում իր հասակակիցների հետ շփվել: Հիմա ինքը միգուցե տարբերվում է իր հասակակիցներից, ինչի համար ես ցավում եմ: Այս տարիքում՝ իր տարիքին ոչ համապատասխան ծանր բեռի տակ մտավ: Հիմա արդեն նա զգում է իր պատասխանատվությունը Հայաստանի ապագայի համար»:

Անձամբ Շահեն Հարությունյանը հայտնեց YerevanNews.am-ի լրագրողին, որ յուրաքանչյուրն է պարտավոր իր նման վարվել. «Եթե ստեղծվի մի իրավիճակ, որտեղ պետք է մարդ պայքարի, պետք է դուրս գա ու պայքարի: Հայրենասիրություն կա բոլորի մեջ, ուղղակի դրա դրսևորումները մի քիչ այլ են: Քիչ են իմ հասակակիցները, որոնք դուրս են գալիս այսպիսի երթի, կամ ցույցի, կամ պայքարի: Հայրենասիրությունը պետք է փոքր տարիքից սերմանված լինի մարդու մեջ: Հայրենասիրությունը տարիք չի հարցնում: Իմ հասակակիցների մեջ կուզենայի փոխել նպատակասլացությունը, վախը ճշմարտությունը ասելուց, արժանապատվության զգացողությունը բարձրացնելը: Հանուն սեփական ճշմատրացիության պատրաստ լինեն գնալ մինչև վերջ»: