Բացահայտվել է «Ամերիաբանկ»-ի բանկոմատից գողության փորձ կատարած անձի ինքնությունը. ԶԼՄ-ներում տեսնելով իր նկարը` անձն ինքնակամ ներկայացել է
«Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներւմ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս, տեսնելով ԶԼՄ-ների միջոցով ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունն ու իր լուսանկարը, ինքնակամ ներկայացել է և տվել խոստովանական ցուցմունք:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 19:10-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել է բացել Երևան քաղաքի Վ.Սարգսյանի և Դեղատան փողոցների խաչմերուկում գործող, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատանող, պահեստարան հանդիսացող բանկոմատի դուռը: Սակայն չկարողանալով բացել՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից ստացված գրության համաձայն՝ դեպքի ժամանակ հիշյալ բանկոմատում առկա է եղել 20.314.000 ՀՀ դրամ։
Ստացվել և հետազոտվել են նշված բանկոմատի վրա առկա տեսանկարահանող սարքերի՝ դեպքի տեսաձայնագրությունները, որոնցից փորձաքննությամբ առանձնացվել են առերևույթ հանցագործություն կատարած անձի լուսանկարները և տարածվել ԶԼՄ-ներով` խնդրելով լուսանկարում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցող անձանց այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Լուսանկարում պատկերված անձը նոյեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է և հայտարարել, որ Երևան քաղաքի Վ.Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում գտնվող` «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատից գողության փորձը կատարել է ինքը և, ինտերնետային կայքերում տեսնելով հիշյալ դեպքի տեսագրությունը, որոշել է ինքնակամ ներկայանալ:
Անձը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նկատի ունենալով, որ կասկածյալը պայմանագրային զինծառայող է՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։