Շուկայում նկատվող թանկացումների պատճառը, ըստ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի, տնտեսական կարկատած քաղաքականությունն ու առաջիկա տոներն են:
«Տոները մոտենում են և շուկայում գներն էլ բարձրանում են: Փորձը ցույց է տվել, որ, որպես կանոն, միշտ տոների նախօրյակին՝ Նոր տարի, Սուրբ Ծնունդ, ապրանքները թանկանում են: Իհարկե, գների թանկացումը անխուսափելի երևույթ է, և դա կա ամեն տեղ, պարզապես քաղաքակիրթ երկրներում եկամուտները առաջանցիկ են բարձրանում, քան թանկացումները, որի պատճառով էլ մեզ նման չեն զգում ազդեցությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Տնտեսական քաղաքականությամբ տրամաբանված գիծ չեմ տեսնում, տեսնում եմ կարկատված քաղաքականություն և բոլոր լուծումները ժամանակային բնույթ են կրում»,-ասաց նա և օրինակ բերեց, որ ձվի գինը Հայաստանում բավական բարձր է և շարունակական աճում է:
Արմեն Պողոսյանը նաև ասում է. «Պետք է մենք խնդիրներ չունենայինք, ուղղակի այստեղ ունենք վատ տնտեսվարության երևույթներ, թռչնարտադրությամբ զբաղվողները բազմիցս դիմել են Կառավարության օգնությանը, մասնավորապես կերը արտասահմանից են ներկրում, նաև սորտային ձագերը, հիմա խմբաքանակը եկավ, տնտեսվարողը պարտավոր է սահմանի վրա անմիջապես ավելացված արժեքի հարկ վճարել, բայց նա պետք է օգուտ ստանա չէ՞ և հետո վճարի այդ գումարները»:
Նա անձամբ է եղել թռչնաֆաբրիկաներում և զարմացել, որ կեսը դատարկ է. «Այսինքն՝ տարածքը կա, ուղղակի չեն հերիքում ընթացիկ ծախսերը»,- ասաց նա և կրկին հարց բարձրացեց. «Եգիպտացորենն ի՞նչ է, որ չեն կարող դրա արտադրությունը Հայաստանում կազմակերպել և փոխարենը ներկրում են»:
«Սկսում են շատ կարտոֆիլ տանել երկրից՝ կարտոֆիլի գինը բարձրանում է, ոչխար են տանում, ոչխարի գինն է բարձրանում, թվում է, որ եթե արտահանում ենք դրանից լավ բան չկա, դրանից մեծ նվաճում չկա, բայց դա նշանակում է անհաշվենկատ տնտեսություն վարելու ձև: Այսինքն՝ օրենքով կան պետական ռեզերվներ, որոնք պետք է հաշվարկ ունենան, թե ինչպես է բաշխվելու, բայց եթե լավ չի հաշվարկված, նման պատկեր է լինում»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը: