Ինչպես նախապես հաղորդել էինք ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ստեղծել նոր նախարարություն՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն անվանմամբ:
Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ կապված հարցերով: Նա մասնավորապես ասել է.
«Կարծում եմ, որ նոր նախարարությունը կզբաղվի նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ»:
Անդրադառնալով ԱԻՆ և Տարածքային կառավարման նախարարությունների միավորմանը նախարարը նշել է. «Եթե խորը ուսումնասիրենք ԱԻՆ-ը, կտեսնենք այն նախարարությունից է, որ ունի տարածքային կառավարման մարմիններ, սերտ համագործակցություն՝ տեղերում համայնքապետերի ու մարզպետների հետ, ունի իր սեփական կառույցները տեղերում: 2 նախարարությունները համադրելի են ոչ թե իրենց գործառույթներով, այլ մանդատներով»: