ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրել է 7.145.000,0 հազար դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ԱԱՀ-ի վերադարձի գումարների տրամադրումը, ասել է. «Արդեն մոտ 10 մլրդ դրամ պահուստային ֆոնդից հատկացրել ենք: Սա մեծ աջակցություն է մեր բիզնես միջավայրին, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ կներթափանցեն գործարար միջավայր»:
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը որոշել է կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2015» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը:
Մեկ ուրիշ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» Համաձայնագրի կնքման առաջարկությանը: