Նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլիին, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջիովաննի Արմենտանիին (նստավայրը` ք. Մոսկվա) և ռազմածովային կցորդ, 1-ին կարգի կապիտան Ալեսանդրո Մարիա Դիոնիջիին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է 1-ին կարգի կապիտան Դիոնիջիին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում հայ-իտալական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ` ընդգծելով ինչպես Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում նոյեմբերի կեսերից հայ խաղաղապահների տեղակայումը, այնպես էլ երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում ընթացք ստացած նոր նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: