Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղակայված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը, որը քանդվել էր շուրջ 1.5 տարի առաջ, կվերականգնվի: Այսօր մեկնարկել է «Կամար» բիզնես կենտրոնի շինարարությունը, ինչի առիթով շինհրապարակում տեղի է ունեցել հիմնաքարի տեղադրման արարողությունը, ինչպես նաև շինության սեփականատեր «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ընկերության կողմից տեղադրվել է սրվակ՝ ընկերության պատգամով:
«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ընկերության ղեկավար Արտաշես Խազախեթյանը նշել է, որ շենքը պատմամշակութային նշանակության շինություն էր, ուստի դեռ շուրջ 5 տարի առաջ իրենք հայտարարել էին մրցույթ ճարտարապետական հայեցակարգի մշակման համար:
«Գրեթե 17 մասնակիցներ եղան թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Նախագծի բարդությունը նրանում է, որ այն պետք է ընդգրկի թե՛ նորը, թե՛ հինը: Մենք ունենք երկու շենք, մեկը՝ 1925թ-ին նախագծված Նիկողայոս Բունիաթյանի կողմից, որի ֆասադն ամբողջությամբ պահպանել ենք՝ շենքը կունենա նույն տեսքը։ Եվ ունեինքն 1910թ.-ի շենք, որի քարերը համարակալել ենք, ապամոնտաժել ենք ու պահել: Երբ հիմնական պատերը կառուցենք, կկարողանանք տեղադրել»,-ասել է նա:
Համալիրի ընդհանուր արժեքը կազմում է 37 մլն ԱՄՆ դոլար: Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան տրամադրել է 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ, ինչպես նաև ներգրավվել է ևս 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ DEG միջազգային կառույցից:
«Կամար» բիզնես-կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2016 թ. նոյեմբեր ամիսը: Համալիրում գործունեություն են ծավալելու հիմնականում ֆինանսական, խորհրդատվական ընկերություններ և միջազգային կառույցներ:


