Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց «Մալաթիա» բժշկական կենտրոնում արձանագրված դեպքը: Կեսարյան հատումով լույս աշխարհ էր եկել նորածին՝ առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի: Նշվում էր նաև, որ այդ մասին երեխայի ծնողները ողջ հղիության ընթացքում չեն իմացել, չնայած այն հանգամանքին, որ նույն բժշկական կենտրոնում հղին հինգից ավելի ուլտրաձայանին հետազոտության է ենթարկվել:
Այս թեմային անդրադարձավ նաև հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը՝ ասելով, որ եթե «Մալաթիա-Սեբաստիա» բժշկական կենտրոնում նորմալ հետազոտություն կատարվեր և ժամանակին ախտորոշվեր առանց ձեռքերի ու ոտքի թաթի լույս աշխարհ եկած երեխայի բնածին արատը, ապա հնարավոր կլիներ կատարել հղիության արհեստական ընդհատում: Հայտնի է նաև, որ երեխայի ծնողները հրաժարվել են նրանից:
Անգամ այսպիսի խայտառակ իրավիճակում «Մալաթիա» ԲԿ-ն շարունակում է իր նախկինում բռնած ուղին: YerevanNews.am-ը որոշ տևական ժամանակ է ինչ փորձում է կապ հաստատել հիվանդանոցի ղեկավարության հետ և որոշակի տեղեկություններ պարզել դեպքի առթիվ, սակայն ապարդյուն: Մեր զանգերը շարունակում են մնալ անպատասխան: Տնօրենը քաղաքում չէ, փոխտնօրենը՝ նույնպես, իսկ գլխավոր բժիշկը ժողովի է: Ահա այս է «Մալաթիա» ԲԿ-ում տիրող իրավիճակը: Այժմ ակնհայտ է դառնում, թե ինչպես է ստացվել, որ բազմաթիվ հետազոտություններից հետո երեխան ծնվել է նման բնածին արատով:
Սակայն այսպիսի անմարդկային իրականության պայմաններում նույնիսկ դեռևս կան մարդիկ, որոնց մեջ կա ցանկություն օգնելու և բարին անելու:
Անի Քոչարը պատրաստ է որդեգրել առանց վերջույթների երեխային: Այս մասին երեկ իր պաշտոնական էջում գրել է հենց ինքը՝ Անի Քոչարը: Մենք որոշեցինք մանրամասնել այս հարցը և կապվեցինք Անիի հետ, ով այժմ գտնվում է Գերմանիայում:
Այն հարցին, թե Անի Քոչարը իրոք պատրաստ է որդեգրել երեխային և դա ուղղակի պահի էմոցիոնալ պոռթկում չի եղել արդյո՞ք, նա պատասխանեց, որ նա իր խոսքերին տեր է և պատրաստ է տալ իր ողջ մայրական ջերմությունը:
Հանգամանքների բերումով այժմ Անին գտնվում է Գերմանիայում, իսկ երեխային որդեգրելու համար շատ իրավաբանակա հարցեր են առաջացել, այդ թվում ծնողների հայտնվելը, սակայն եթե լինեն բարի մարդիկ և օգնեն իրեն՝ երեխային հասցնելու իր մոտ, նա շատ շնորհակալ կլինի:
Իսկ այն հարցին՝ ունի արդյոք որևէ տեղեկություն ծնողների ով լինելու մասին, նա պատասխանեց, որ շատ կցանկանար տեսնել նրանց, զրուցել, ասել որ շատերը կօգնեն խնամելու, հոգ տանելու և մեծացնելու երեխային, սակայն հիվանդանոցը չի կարող տրամադրել ծնողների մասին որևէ ինֆոմացիա:
Անիի խոսքերով մեղավորության առյուծի բաժինը հիվանդանոցինն է, և հատկապես հղիությունը վարած բժշկինն ու բուժանձնակազմինը, ովքեր հղիության առաջին շաբաթներում, ամիսներում չեն կանխորոշել երեխայի խնդիրները և որի դեպքում հնարավոր կլիներ ընդհատել հղիությունը:


