Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ վերջին տարիներին շատ սերտ համագործակցություն է ձևավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջև ու այդ առումով հատկապես ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանականների հետ նախորդ հանդիպումից հետո բավականաչափ ժամանակ է անցել, և այդ ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և նրա շուրջ ու պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են կամ կարող են հետաքրքրել Լեռնային Ղարաբաղի հասարակությանն ու իշխանություններին:
ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերթական հանդիպման և միջխորհրդարանական համագործակցության օրակարգի հարցերի քննարկումից բացի, Հայաստանի ու Արցախի համար արդիական և կարևոր մի շարք հարցերի վերաբերյալ օգտակար տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաև անցած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականները ներկայացնելու պատրաստակամության համար:
Հանդիպման սկզբում Աշոտ Ղուլյանը նախ ներկայացրել է Երևանում այսօր սկսված միջխորհրդարանական նիստի օրակարգային հարցերը, որոնք ԼՂՀ ԱԺ նախագահի համոզմամբ, ընդգրկում են անցած նիստին հաջորդած ժամանակահատվածի հրատապ բոլոր թեմաները: Դրանք, ըստ նրա, ներառվել են օրակարգի երկու հարցերում՝ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի, քննարկումների և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումների ու ՀՀ պատվիրակությունների հաշվետվությունների մեջ: ԼՂՀ խորհրդարանի նախագահը և պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորները նիստի շրջանակներում քննարկումներն ու տեղեկատվության փոխանակումը համարել են երկուստեք օգտակար՝ գոհունակությամբ նշելով, որ երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանը նոր և արդյունավետ ձևաչափեր են ավելանում, որոնք ավելի են խորացնում միջխորհրդարանական կապերը:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող կարևորագույն հարցերին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, սահմանադրական բարեփոխումների գործընթացին և մի շարք այլ թեմաների, պատասխանել նաև խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ կայուն և ուժեղ Հայաստանը Արցախի անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխավորն է: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը վստահեցրել է, որ Արցախի խորհրդարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն հնարավորը՝ Հայաստանի հետ կապերի առավել խորացման և հայ ժողովրդի անվտանգության ապահովմանն ու բարօրությանն ուղղված քաղաքական միասնական ուղեգծի իրագործման համար:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					