Օրերս facebook սոցիալական ցանցում բացվել է էջ, որտեղ տեղադրվում է Հասմիկ Ղարիբյանի կյանքի վերջին օրերի լուսանկարները:
Լուսանկարներից մեկում Հասմիկն իր ամուսնու՝ Ներսեսի հետ է։ Դա նրանց առաջին հանդիպումն է:
«Այն օրը, երբ մենք ծանոթացանք»,-մակագրված է լուսանկարը։
Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանը մահվանից ամիսներ առաջ հարցազրույց էր տվել ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական պարբերականներից մեկին՝ «Unique Show»-ին, որտեղ պատմել է, թե ինչպես է ծանոթացել իր ամուսնու հետ։
«Երբ եկել էի Ամերիկա՝ հանգստանալու, մի օր սրճարանում, շատ պատահական, հանդիպեցի ապագա ամուսնուս՝ Ներսեսին: Խոսակցությունից պարզվեց, որ նա հայտնի երգեհոնահար՝ Լևոն Աբրահամյանի որդին է, իսկ նա իմացավ, որ ես օպերային հայտնի երգիչ Տիգրան Լևոնյանի քրոջ աղջիկն եմ: Պարզվեց, որ երկար տարիների բավականին սերտ կապ կա մեր ընտանիքների միջև, քանի որ քեռիս Ներսեսի ծնողների հարսանիքի քավորն է և Ներսեսի ու իր եղբոր կնքահայրը: Մենք դարձանք շատ լավ ընկերներ: Իրար էինք վստահում մեր գաղտնիքները: Մոտ հինգ ամիս ընկերություն էինք անում և մեր մտքով անգամ չէր անցնում, թե օրերից մի օր կարող է ամուսիններ դառնանք: Իմ` Հայաստան վերադարձից մոտ քսան օր առաջ հասկացանք, որ զգացմունքներ ունենք իրար հանդեպ: Ներսեսն ինձ պաշտոնական առաջարկություն արեց: Ես ստիպված էի գնալ Հայաստան, քանի որ կիսատ գործեր ունեի: Շփվում էինք համակարգչի միջոցով կամ հեռախոսով: Երկու ամիս չանցած՝ պարզվեց, որ հյուրախաղերի պետք է մեկնենք ԱՄՆ: Եկանք, մեր խմբի տղաները վերադարձան, ես՝ մնացի»,-պատմել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ 34-ամյա դերասանուհին ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Նրան նոյեմբերի 11-ին հրաժեշտ կտան ԱՄՆ-ում, ապա նոյմբերի 15-ին նրա մարմինը կտեղափոխեն Հայաստան։