Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները պետք է կրեն շարունակական բնույթ, քանի որ դրանք նպաստում են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին ԱՊԱ գործակալության հետ զրույցի ընթացքում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

Ուորլիքը հանդես է եկել ԱՄՆ անունից և նշել է, որ իրենք ակնկալում են նախագահների հանդիպումները պարբերական կլինեն: Ուորլիքը մասնավորապես ասել է. «Նրանց հանդիպումները նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք նաև կհանդիպենք հակամարտող կողմերի արտգործնախարարների հետ՝ ԵԱՀԿ անդամ երկրների՝ Բազելում կայանալիք հանդիպման ընթացքում, և շարունակելու ենք հանդիպումները նման մակարդակով: Շատ կարևոր է զարգացնել երկխոսությունը, որը տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Փարիզում»: 

Հիշեցնենք նաև, որ նախագահների հանդիպումը կայացել է հոկտեմբերի 27-ին Փարիզում: Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը երրորդն էր այս տարվա ընթացքում: Մինչ այդ նախագահներն այս տարի հանդիպել էին Սոչիում և Ուելսում: