Նոյեմբերի 7-ին Գյումրիում` ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում, տեղի է ունեցել Մարտական Փառքի հուշահամալիրի բացման արարողությունը, որի շրջանակում Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի 95-րդ հոբելյանի առիթով հանդիսավոր կերպով բացվել են լեգենդար զինագործ-կոնստրուկտորի հուշարձանն ու Ռուսաստանի ռազմակայանի պատմական թանգարանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ և ՌԴ ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ, զինվորականներ, վետերաններ և այլք:
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայտնի զինագործ Միխայիլ Կալաշնիկովի հիշատակը:
Հայ-ռուս ժողովուրդների բարեկամության ֆոնին կարևորելով հուշահամալիրի բացումը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է. «Այսօր շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Այն վառ վկայությունն է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության, ավանդույթների շարունակականության: Սա այն վայրն է, որտեղ կանգնեցված է եղել հանուն մեր երկու երկրների անկախության ու ազատության զոհված այն գեներալների, սպաների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ովքեր զոհվել են` կյանքի գնով պաշտպանելով քրիտոնեական արժեքները, ժողովուրդների ինքնությունն ու ազատ և անկախ ապրելու իրավունքը; Հավերժ փառք բոլոր հերոսներին»:
Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են, որ համաշխարահային ճանաչում ունեցող զինագործի հուշարձանի և փառքի թանգարանի բացման մտահղացումը եղել է վաղուց և ողջունելի է, որ ի վերջո այն կյանքի է կոչվել պատմական նշանակություն ունեցող վայրում:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է «Պատվո բլուր» հուշահամալիրում հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող հիշատակի խաչի օծման արարողությամբ, որից հետո բարձրաստիճան հյուրերը շրջել են ռազմաբազայի տարածքում, ծանոթացել թանգարանի շենքային պայմաններին: