Վերջին շրջանում Թուրքիայի «աննախադեպ» քայլերը՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «փոփոխվող Թուրքիայի» կերպարի ձևավորման մաս է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին խոսեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
«Թուրքիան մի քանի ճակատով պատրաստվում է Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ դիվանագիտական, տեղեկատվական և քարոզչական ճակատներում: Դանութօղլուի երևանյան այցը, Էրդողանի ապրիլի 24-ի ուղերձը, Մահչուփյանի նշանակումը թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում, Անզնավուրի «հարցազրույցը» տեղավորվում են ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրատության շրջանակներում»,- ասաց նա:
Թուրքագետի խոսքերով՝ Թուրքիան իր այդ պահվածքով պատրանք է ստեղծում, թե իբր փոխվել է, դրական զարգացում է ապրել, Հայաստանի հետ հարաբերությունները փորձում է կարգավորել, ինչպես նաև լավ վերաբերմունք է ցուցաբերում տեղի հայերի նկատմամբ: Դրանք միայն արտաքնապես արվող քայլեր են, խորքային առումով ոչ մի փոփոխություն չկա: Թուրքիան մինչև 2015թ. ապրիլի 24-ը շարունակելու է իր աննախադեպ քայլերը:
Թուրքագետը վերջում ավելացրեց, որ Թուրքիան հաջողություն է ունենում իր այս քայլերում, քանի որ միջազգային հանրությունը չի խորասուզվում մանրամասների մեջ և ընդունվում է այն ինչ մատուցվում է: