«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը կարող է հայտնվել «նավից պարահանդես» վիճակում: Մեր աղբյուրները պնդում են, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ նա նշանակվի ՀՀ փոխվարչապետ:

Հենց այսօր Գաբրիելյանը փոխվարչապետ նշանակվել չի կարող, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ, այդ կարգավիճակին արժանանալու համար նախ հարկավոր է նախարար լինել: Կասկածից վեր է, սակայն, որ հենց Գաբրիելյանն է նշանակվելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

Երեկ Ազգային ժողովը հրատապության կարգով սկսել է քննարկել այսպիսի նախարարություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը և կառավարության խնդրանքով հարցը քննարկելու է հատուկ ընթացակարգով, երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Սա նշանակում է, որ տասն օրվա ընթացքում նոր նախարարությունը ստեղծված կլինի, նախարարը նշանակված: Ոմանք համոզված են, որ նույն փաթեթով կլուծվի նաև փոխվարչապետի նշանակման հարցը։ Ասում են՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Վաչե Գաբրիելյան փոխվարչապետը քաղաքակիրթ տեսք կտա գործող կառավարությանը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: