Շարմազանովը լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր հայտնեց, որ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը և ընդդիմության 12 կետերին ուշադրություն դարձնելու միտումն ուղղված էր պետական շահով առաջնորդվելուն. «Այս հարցազրույցի կարևորագույն կետն այն է, որ երկրի նախագահն էլ նշեց, որ մեր խնդիրն է օգտագործել բոլորիս ուժերը՝ հասնելու համար երկրի զարգացմանը: Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունն ու նրա ղեկավարը անկախ ընդդիմության կողմից հնչեցված քննադատությունից, որոշ դեպքերում ոչ կոռեկտ արտահայտություններից՝ մի կողմ է դնում իր անձնական ու կուսակցական շահը և առաջնորդվում է պետական շահով, եթե մենք ուզում ենք հաջողենք, պետք է լսենք մոր գործընկերների կարծիքը»:
12 կետերին անդրադառնալու նախագահի անդրադարձին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մանրամասնեց լրագրողների հետ զրույցի ժամանակ. «Իմ կարծիքով նախագահի անդրադարձը տեղին է, որովհետև ունենք քաղաքական երկու կետերից բաղկացած օրակարգային հարցեր՝ մեկը 12 կետերն են, մյուսը՝ սահմանադրական բարեփոխումների հարցը, որ մի կողմից ընդդիմությունն է ներկայացրել, մյուս կողմից էլ՝ նախագահն է առաջարկում: Թե ինչու հատկապես հիմա, չեմ կարող ասել»։
Կառավարության պինգվինի փքված կեցվածք համարեց Արծվիկ Մինասյանը 12 կետերին ցուցաբերած վերաբերմունքով. «Այն պատասխանը, որ տվել էր մեզ Կառավարությունը, մեծամիտ և մեծախոս պինգվինի կեցվածքն էր հայտնի մուլտֆիլմից, մինչդեռ անհրաժեշտ էր խնդիրները լուծել ըստ էության և արմատապես: Այդ առումով՝ ակնկալում ենք, որ Կառավարությունը մեծամիտ կեցվածքը կփոխարինի իրապես լուծելու առաջարկների հաստատակամությամբ»: