ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում ընթացող APEC գագաթնաժողովի ժամանակ ջենտլմենաբար թիկնոցով ծածկել է Չինաստանի առաջին տիկնոջը, ինչը բուռն խոսակցությունների առիթ է հանդիսացել: 

Մասնավորապես «Foreign Policy»-ի հոդվածի մեջ ասվում է. «դիվանագետի համար առաջին չգրված օրենք կարող է դառնալ «սիրախաղ չանել նախագահի կնոջ հետ» արտահայտությունը, սակայն վերջերս բաժանված Ռուսաստանի նախագահը, կարծես թե, մոռացել է այս մասին»: 

Երբ գագաթնաժողովի մասնակիցները երեկոյան հավաքվել են հրավառությունը դիտելու համար, Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահի կնոջը ծածկել է թիկնոցով: Առաջին տիկինը նստել է, ժպտացել նրան, սակայն վայրկյաններ անց թիկնոցը տվել է օգնականներին և հագել իր վերարկուն: 

Կատարվածի տեսագրությունը արագորեն տարածվեց համացանցում: Մեկնաբանությունները բազմազան էին, որոնցից ամենատարածվածը այն էր, թե առաջին տիկնոջ հմայքին չի դիմացել անգամ ՌԴ նախագահը: