«Առավոտը» գրում է.

«Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին վեճն ինձ այս պահին բավականին սխոլաստիկ է թվում: Իհարկե, ընդհանուր առմամբ ճիշտ է, մեզ նման փոքր երկրում պետք է լինեն ավելի քիչ նախարարություններ, ավելի փոքր վարչական ապարատ, հարկատուների գումարները այդ ծախսերի առումով պետք է խնայել:

Սկզբունքորեն ճիշտ է նաև կառավարության դիրքորոշումը, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն խորհրդարանի առաջ: Ինչո՞ւ է պաշտպանության նախարարը գալիս Ազգային ժողով և պատասխանում պատգամավորների հարցերին, իսկ ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը՝ ոչ: Ինչպիսին էլ լինի խորհրդարանը, ինչպիսի թույլ գործիք էլ լինի հարցուպատասխանը, գոնե այդ չափով նման երկխոսությունը մի փոքր զգաստացնում է իշխանավորներին, նրանց մեջ թեթևակի պատասխանատվության զգացում առաջացնում:

Բայց այդ տեսականորեն ճիշտ քայլերից առաջ պետք է հայեցակարգային առումով որոշվի ավելի ընդհանուր հայեցակարգային խնդիր՝ ինչ նպատակներ է իր առաջ դրել կառավարությունը մոտակա երկու տարիների ընթացքում, մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ենթադրենք, դրվում է նպատակ երիտասարդության հետ կապված, որը լավագույնս կկատարի կրթության, մշակույթի և սպորտի միացյալ նախարարությունը: Կամ՝ եթե «ներքին գործերի» տակ մենք հասկանում ենք ավելի լայն իրավասություններ, քան զուտ ոստիկանական գործառույթը, ապա իմաստ ունի կատարել նաև այդ ձևափոխումը: Այսինքն՝ սկզբից պետք է մտածվեն և ձևակերպվեն նպատակները, հետո միայն խոսվի կառուցվածքների ու միջոցների մասին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: