Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած. Լաբրյուեր

Ժպիտն ու ծիծաղը կարևոր են: Ասում են ծիծաղը երկարացնում է կյանքը: Մեզ հաճախ թվում է, թե ծիծաղը ուղղակի երջանկության նշան է: Բայց ըստ գիտնականների այն բոլորիս համար ավելի մեծ նշանակւթյուն ունի: ԱՄՆ-ում գիտնականների անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ ծիծաղն ամրացնում է օրգանիզմի սրտանոթային համակարգը: Իսկ ծիծաղի թերապիան կարող է մարդուն դուրս հանել դեպրեսիայից` առանց որևէ հակադեպրեսանտ կիրառելու։

Առողջ և անկեղծ ծիծաղն իջեցնում է զարկերակային ճնշումը, նպաստում է սթրեսի նվազմանը, հանգստացնում է նյարդային համակարգը, դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա ինչպես նաև մաքրում է թոքերը: Ծիծաղելիս դեմքի մկաններից հատուկ իմպուլսներ են արտադրվում և ուղղվում դեպի ուղեղը, ինչը և բարենպաստ ազդում է կենտրոնական և ընդհանրապես ողջ նյարդային համակարգի վրա:

Ծիծաղի բուժիչ հատկությունների սերտ ուսումնասիրությամբ գիտնականները սկսել են զբաղվել մոտավորապես 60-ականների կեսերից։ Ամերիկացի նյարդաբան Ուիլյամ Ֆրայը առաջինն է հայտնաբերել, որ ծիծաղը ամրացնում է օրգանիզմի իմունիտետը, նվազեցնում է սթրեսային հորմոնների և արյան մեջ ավելացնում է երջանկության հորմոնի` էնդորֆինի քանակը։ Ծիծաղի դրական ազդեցությունը վաղուց է հայտնի: Բայց դժվար թե որևէ մեկիս մտքով անցած լինի ամեն առավոտ հաց ուտելուց առաջ կամ հետո հինգ րոպե ծիծաղել՝ կյանքը երկարացնելու նպատակով: Արի ու տես, որ ծիծաղի յոգան հենց դա էլ ենթադրում է. Ամեն օր ժամանակ տրամադրել ծիծաղին, կտրվել արտաքին աշխարհի հետ կապող բոլոր մռայլ մտքերից: