«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները ոստիկանների ուղեկցությամբ ֆինանսների նախարարության առջևից տեղափոխվեցին Կառավարության շենքի մոտ ՝ փոխանցելու իրենց նամակը վարչապետին:

Ի տարբերություն Ֆինանսների նախարարության, ակցիայի մասնակիցներին ոստիկանները թույլ տվեցին մոտենալ Կառավարության մուտքի մոտ: Ակցիայի մասնակիցները իրենց նամակը հանձնեցին Կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին, վերջինս խոստացավ նամակը տեղ հասցնել:

 «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են նախաձեռնել Ֆինանսների նախարարության դիմաց՝ պահանջելով կատարել վարչապետի հանձնարարականը և դասախոսներին ու ուսուցիչներին ազատել պարտադիր կուտակային վճարներն այլ կերպով վճարելու պահանջից:

Ակցիայի մասնակիցները փորձեցին մոտենալ նախարարության մուտքին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ կա օրինական պահանջ՝ մասնակիցներին թույլ չտալու անցնել, որպեսզի նրանք չխանգարեն մյուսների ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Մի քանի մասնակից, որոնց թվում նաև աղջիկներ էին, փորձեցին անցնել, սակայն ոստիկանները հրմշտոցով նրանց տեղափոխեցին մյուս մայթ: