Իշխանությունը բացահայտ կերպով ընդառաջում է ԲՀԿ-ին ըստ Ստեփան Սաֆարյանի. «Սերժ Սարգսյանի անդրադարձը 12 կետերին պայմանավորված էր Գագիկ Ծառուկյանի հետ: Քանի որ Գագիկ Ծառուկյանը չի միանում քաղաքական կյանքը «կայունացնելու», այսպես ասած, ծրագրին՝ դրա դիմաց իշխանությունը առավել ընդառաջում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»:
Միջազգային և անվտանգության հայկական ինստիտուտի հիմնադիրը YerevanNews.am-ի լրագրողին հայտնեց, որ փաստացի սա մի խաղ է, որն ընթանում է ԲՀԿ-ի շուրջ. «Փաստացի ստացվում է, որ այս քայլով նախագահը ընդառաջում է ոչ թե Եռյակին, այլ միայն ԲՀԿ-ին: Եռյակի հանրահավաքներից առաջինում՝ հոկտեմբերի 10-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այլևս 12 կետերին անդրադարձ չի լինելու, որևէ պահանջ չի ներկայացվելու: Եվ ճիշտ հակառակը՝ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 24-ին հայտարարեց, որ 12 կետերը օրակարգում են՝ նշանակում է իր օրակարգում են:
Ըստ էության, ինչպես և սպասելի էր, այս պրոցեսում խաղը Բարգավաճ Հայաստանի շուրջ է: Եվ եթե մնացյալի տեսակետները չեն համընկում Բարգավաճ Հայաստանի տեսակետների հետ, ապա խնդիր ունեն նրանք: Իրականում այս գործընթացները ամեն օր ցույց են տալիս, որ պրոցեսն ընթանում է Բարգավաճ Հայաստանի շուրջ:
Բարգավաճ Հայաստանը ինքը հասավ իր ուզածին՝ զրույց սկսեց իշխանությունների հետ, բանակցություններ տեղի ունեցավ իր և իշխանությունների միջև և իշխանությունը հետաձգեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Բարգավաճ Հայաստանը դրա դիմաց պարտավորություն ստացավ պրոցեսը տանել ոչ հեղափոխական ուղղով՝ ինչը արդեն նկատելի է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և Ժառանգության միջև եղած տարաձայություններով»:
Իսկ թե ինչպես է վերաբերվում այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ժառանգություն կուսակցությունը դեռ պարզ չի, թե ինչպես է վերաբերվում այս պրոցեսին»: