Իշխանությունն ընդամենը ցանկանում է քննարկել կառավարությանը ներկայացված 12 կետերը և հնարավորինս լուծել խնդիրները: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 12 կետերին վերադառնալու իշխանության ցանկությունը ընդդիմության կողմից ճնշումների հետևանք է:

«Ի՞նչ անել, պատասխանել հարցին և ուրախացնե՞լ ընդդիմությանը: Մենք ցանկանում ենք քննարկել այդ կետերը և հնարավորինս դրանց լուծում տալ, առավել ևս՝ առանց հանրահավաքների: Խորհրդարանական ուժերը մշտապես քննարկումներ են անցկացնում»,- ասել է Սահակյանը:

Ի պատասխան այն դիտարկմանը, թե նախագահն իր հարցազրույցում կողմնակիցներին կոչ է արել ընդդիմությանը թշնամաբար չվերաբերվել, այլ քննարկել նրա ներկայացրած առաջարկությունները, խորհրդարանի խոսնակը նշել է. «Սա մեր հանդուրժողականության հետևանքն է, որ ընդդիմությունը կարող է անարգել հանրահավաքներ անցկացնել, այնպես որ մենք միշտ համբերատար ենք եղել և հանդուրժող»:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ընթացքում «ՀԱԿ» խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ մեղադրելով նրան կառավարության ներկայացրած նախագծերին նախապատվություն տալու և իրենց ներկայացրած հարցի քննարկումից խուսափելու մեջ: