Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ-ի ինքնաթիռի մասին.
«Ադրբեջանական ռազմուժի սադրիչ գործողություններն այս անգամ նվիրված են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանու պաշտոնական այցին Ադրբեջան։ Վերջինս, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, արդեն Բաքվում է։ Պարզ է, որ նման կերպ Ալիևի վարչակազմը հերթական անգամ ընդգծեց իր հավատարմությունը հայկական պետությունների հետ իրավիճակը լարելու վաղուց մշակված քաղաքականությանը։
Պաշտոնական Բաքուն երբեք բաց չի թողնում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջանային այցերը` ցույց տալու համար, որ հակամարտությունը սառեցված չէ։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ նրանք կփորձեն Իրանի նախագահի շուրթերից հակահայկական, կամ գոնե թե ադրբեջանցիների ունկը շոյող հայտարարություններ կորզել։
Բայց, ակնհայտ է, որ իրենց հաշվարկներում Բաքուն սխալվել է։ Ալիևը վաղուց է կորցրել կապն իրականության հետ, և չի նկատում իր քաղաքականության միջազգային ընկալման խիստ բացասական ֆոնը։ Հայկական ուղղաթիռի խոցումը, թերևս, կդառնա այն վերջին կաթիլը, որը պակասում էր հայկական կողմի և ընդհանրապես միջազգային հանրության համբերության բաժակի բերնեբերան լցվելուն։ Կնշանակի, որ Ադրբեջանին շատ դժվար օրեր են սպասվում։ Եվ դա նրանց ընտրությունն էր։ Գիտակցված թե ոչ` կարևոր չէ»։