«Այս վտանգավոր միջադեպը հրահրում է տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացում և ուժեղացնում է մեր անհանգստությունը»,- այսպիսի խորագրով հայտարարություն է տարածել խոցված ԼՂՀ-ի ուղղաթիռի առիթով մտահոգված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Առաջացել է հակամարտության սրման նոր փուլի սպառնալիք: Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է է՛լ ավելի սրված:
Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության հարցում: Ամենակարևորը, որ կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը, ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին պայմանավորվածությունների խստագույն պահպանումը և սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը: Կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը»:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալթերը ևս իր մտահոգությունը հայտնել է այս դեպքի հետ կապված հայտարարություն տարածելով. «Բուրկհալթերն Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին կոչ է անում անել հնարավորը՝ նման միջադեպերը կանխելու և հրադադարի ռեժիմը պահպանելու համար»