Հայաստանը կլինի 81-րդ երկիրը, որը կսկսի ալյուրի մեջ արհեստականորեն ավելացնել վիտամիններ, այս մասին YerevanNews.am-ի լրագրողին հայտնեց Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Մենք չէինք էլ նկատում, որ այդպիսի վիտամիններով հարուստ ալյուրի հաց էինք ուտում խորհրդային միության ժամանակ: Կարևորը, որ այն ոչ համ ունի, ոչ հոտ և ալյուրը լինելու է այնպիսին, ինչպիսին նախկինում էր: Ցորենի թեփի մեջ է գտնվում ցորենի ողջ վիտամնինները: Այսպիսով, որքան բարձր է ալյուրի կարգը, այնքան քիչ վիտամիններ կան նրա մեջ»,- հայտնեց Անահիտ Հայթայանը:
Կառավրության նիստի ժամանակ այսօր ներկայացվել է այս նախագիծը և հավանությանն են արժանացել «Ցորենի ալյուրի հարստացման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման, սննդամթերքի անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները, ոլորտում իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները:
Օրենքի ընդունմամբ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում կենթարկվի հարստացման, որի արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ: