Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ անդրադառնալով Երևանի Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Նամակի մեջ մասնավորապես ասվում է.
«Երևանի Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացնող կազմակերպությունը «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ն է, որի հետ կնքած պայմանագրի համաձայն աշխատանքների վերջնաժամկետը 25.08.2014 թվականն է: Հիմնանորոգումը ոչ միայն ավարտված չէ, այլև 2 օր առաջ տեղում անձամբ համոզվեցի, որ պարզապես կանգնած է, որովհետև ցերեկը, ժամը 14.00-ին դարպասի կողպեքը կախված էր ու ոչ մի կենդանի շունչ չկար:
Պատուհանները փոխված չէին, նկուղային հարկի պատուհանները դրված չէին, բակը շինանյութով էր ծանրաբեռնված և ընդհանրապես տպավորությունն այնպիսին էր, որ այնտեղ միտք էլ չունեն հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու:
Խնդրում եմ պարզաբանել այս վիճակը, ինչո՞ւ այս կազմակերպությունը ժամանակին չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և ի՞նչ է անում քաղաքապետարանի համապատսխան վարչությունը մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտելու և այն երեխաներին վերադարձնելու համար, որին սպասում են մի քանի տասնյակ ծնողներ»: