Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ցույց անցկացնող քաղաքացիներին այցելեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակից Մարտիկ Մարտիրոսյանը:
«Մամուլից ստացել ենք տեղեկություն, որ այստեղ հավաք է իրականացնում, ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ է եղել: Բոլոր դեպքերում մենք գալիս ենք մարդկանց իրավունքները պաշտպանենք, այս դեպքը բացառություն չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Վերջինս զրուցեց քաղաքացիների հետ, լսեց նրանց բողոքները ոստիկանության ծառայողների վարքագծի շուրջ:
«Եթե քաղաքացիների թվում է, որ ոստիկանները հանցագործություն են կատարել, այդ դեպքում կարող են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել պատկան մարմիններին: Եթե ինչ-որ կերպ ոտնահարվել է մարդու իրավունքները, դիմեք Մարդու իրավունքների պաշտպանին»,- ներկայացրեց Մարտիկ Մարտիրոսյանը:
Իսկ թե ոստիկանությունն ինչ՞ու է արգելել ակցիայի մասնակիցների ազատ տեղաշարժի իրավունքը, ՄԻՊ ներկայացուցիչը նշեց, որ այդ պարզաբանումներն իրենք պետք է ստանան ոստիկանությունից:
Սահմանադրական դատարանի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում մինչ ՍԴ-ն քննում է ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրերի սահմանադրականության հարցը:
Սակայն ոստիկանները նրանց Սահմանադրական դատարանի մայթից տեղափոխեցին այլ մայթ՝ պատճառաբանելով, որ փակում են մայթը և խախտում այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Ակցիային մասնակցում են «Ազգային ինքնորոշու միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Քաղաքացիական պայմանագրի նախագահության անդամ Ալեն Սիմոնյանը և մի խումբ այլ քաղաքացիական ակտիվիստներ:


