ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը դատապարտել են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցումը, հայտնում է Asbarez-ը։

Ռոյսը, մասնավորապես, հայտարարել է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ վերջ տա նման հարձակումներին ու սադրանքներին և հավատարիմ մնա Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում կոնկրետ առաջընթացին»:

Ադրբեջանի արարքը դատապարտողների թվում են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Ադամ Շիֆը, Ջուդի Չուն, Բրեդ Շերմանը: Նրանցից ոմանք կոչ են արել, որ այս պայմաններում ԱՄՆ-ն դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին:

Նրանց է միացել նաև Կալիֆորնիայի նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանը՝ մայոր Սերգեյ Սահակյանի և Արցախի օդուժի մյուս երկու զինվորների ընտանիքների համար իր աղոթքով:

Արցախյան ուղղաթիռի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որի նպատակն էր հասնել ամերիկյան կոնգրեսի կողմից ագրեսիայի դատապարտմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: