ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Հոջեսը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի և Վրաստանի ներկայացուցիչները բանակցել են վրացական կողմի՝ զենք գնելու հարցով, տեղեկացնում է Независимая газета-ն:

«Ես իրոք տեղյակ եմ այն մասին, որ անցյալ շաբաթ Վաշինգտոնում զենք գնելու վերաբերյալ բանակցություններ են կայացել: Կարծում եմ, որ իմ կողմից նպատակահարմար չէ խոսել այն հանդիպման մասին, որը տեղի է ունեցել իմ երկրի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև», – ասել է գեներալը՝ Թբիլիսիում:

Նա հիշեցրել է, որ պաշտոնին նշանակվել է մեկ շաբաթ առաջ, և սա իր առաջին պաշտոնական այցն է այդ պաշտոնում:

«Իմ կարծիքով՝ դա վկայում է մեր ռազմավարական գործընկերոջը՝ Վրաստանին աջակցելու հարցում ԱՄՆ-ի հավատարմության մասին»,- հավելել է նա:

Անցյալ շաբաթ ԱՄՆ է այցելել Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ զենք գնելու շուրջ բանակցությունները կշարունակվեն Վրաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի ղեկավարման շրջանում: