Ընդդիմադիր եռյակի հաջորդ հանրահավաքին կմասնակցի նաև Տիգրան Կարապետյանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: 

«Եռյակի մեջ էլ հակասություններ կան, սակայն դա չի նշանակում, որ պայքար չի լինելու: Պայքար լինելու է, քանի որ մենք ցանկանում ենք մի բան՝ արդար երկրում ապրել:

Ես մտածում էի, որ եռյակը միայն խորհրդարանական ուժերից է կազմված, որ նրանք չեն ցանկանում, որ արտախորհրդարանական ուժերը միանան, սակայն ի զարմանս ինձ՝ մեկնած ձեռքս ընդունեցին»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Նա կարծում է, որ եռյակի խնդիրը վստահության պակասն է, քանի որ շատերն են կարծում թե այն իշխանական նախագիծ է, սակայն այն, որ եռյակն ընդունեց իր մեկնած ձեռքը, արդեն իսկ ապացուցում է հակառակը: 

«Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները մինուս են աշխատում, նա միայն դրսից է գումար աշխատում, այստեղ կամ ձեռքից տանում են, կամ դժվարություն են առաջացնում, մենք պետք է ամեն ինչ անենք, որ իմ օրին չհասնի»,- եզրափակեց նա: