Անցած տարվանից աղանդական կազմակերպությունները սկսել են իրենց ակտիվ գործունեությունը երտասարդության վրա: Այժմ այդ կազմակերպությունների հիմնական նպատակը դարձել է ինչքան հնարավոր է շատ երիտասարդներ ներքաշել իրենց շարքերը: Այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս և մի շարք այլ հարցերի շուրջ խոսեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Ա. Ամարյանի խոսքերով,- «Նախորդ  տարվանից աղանդավորական կազմակերպությունները ակտիվորեն սկսել են ներգրավել երիտասարդներին: Նկատվում է նաև Եհովայի վկաները ակտիվությունը, ովքեր իրենց շարժական ստենդները հիմնականում դնում են դպրոցների, բուհերի և պետական այլ կառույցների տարածքում: Քանի որ նրանց գրականությունը հիմնականում մուլտերի տեսքով է, երեխաներին սկսում էր հետաքրքրել այդ ամենը, և նրանք վերցնում ու կարդում էին: Կար նաև այդ գրականության վաճառք: Հաճախ այդ գրականությունը լինում էր պոռնոգրաֆիկ բնույթի և վատ է անդրադառնում երեխաների հոգեբանության վրա: Նման ստենդների մասին ահազանգ եմ ստացել Շենգավիթից և այլն շրջաններից: Նշեմ սակայն, որ այժմ արգելվել է այդ ամենի վաճառքը»:

Այն հարցին, թ՞ե կրոնական կազմակերպություններում քանի տոկոսն են կազմում երիտասարդները, և թե քան՞ի գրանցված և չգրանցված կազմակերպություն կա, Ա. Ամարյանը պատասխանեց.

- Կրոնական կազմակերպությունների մեջ 40 տոկոսից ավելին երիտասարդներ են: Իսկ այս պահին Հայաստանում 65 գրանցված և 200-ից ավել չգրանցված կրոնական կազմակերպություններ կան: Գրանտակեր իրավապաշտպան կազմակերպությունները գոռում են, որ Հայաստանում չկա կրոնական ազատություն, դա սուտ է, քանի որ Հայաստանում չկա մի օրենք, որ սահմանափակի կրոնական փոքրամասնությունների ազատությունը:

Նրա խոսքերով կրոնական կազմակերպություններն ավելանում են, ոչ թե նրա համար, որ պետական մարմիններն աջակցում են, այլ պարզապես վերահսկողություն չկա: