Մեզ շրջապատող աշխարհում հակադրություններն ամենուր են: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես նորի կողքին կարելի է հանդիպել հինը, լավի կողքին՝ վատը, քաղաքակրթության և մաքուրի կողքին՝ աղբանոցը: Շրջելով մայրաքաղաք Երևանի կենտրոնով հիանում ենք մեր քաղաքի գեղեցկությամբ և խնամվածությամբ, սակայն քիչ ավելի հեռանալով դեպի ծայրամասեր հանդիպում ենք գեղեցիկի հակադրությանը՝ տեսնելով անուշադրության մատնված աղբանոցներ ու փողոցներ:
Ինչո՞ւ են քաղաքապետարանի կողմից անուշադրության մատնվում Երևանի ծայրամասային թաղամասերը: Մասնավորապես խոսքը գնում է Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշ թաղամասի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի անկյունային հատվածի աղտոտվածության և մարդկանց անվտանգության ապահովման պայմանների բացակայության մասին: Նշված հատվածում անցնում է մեծ կոյուղատար, որը գրեթե ամբողջությամբ շրջապատված է պարսպով բացի մի հատվածից (կցված են լուսանկարներ): Տվյալ հատվածը ազատ է պարիսպներից և վտանգ է ներկայացնում բնակչության, մասնավորապես՝ երեխաների համար: Կոյուղատարը ունի գրեթե 10 մ խորություն: Այս պայմաններում շատ հնարավոր է, որ տեղի բնակիչներից մեկը կամ երեխա ընկնի և վնաս պատճառի իրեն: Բացի այդ, նշված հատվածը գտնվում է չափազանց աղտոտված վիճակում և ամենուրեք տիրում է գարշահոտ, քանի որ կոյուղատարը հազվադեպ է մաքրվում: Տվյալ տարածքում աճում է նաև անհայտ ծագումով ու կասկածելի բուսականություն, ինչպես նաև փշածածկ թփեր, որոնք ճանապարհը դարձնում են դժվար անցանելի (կցված են լուսանկարներ): Ինչո՞ւ են Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանը աչքաթող արել այս տարածքները:
Այս հարցադրումով YerevanNews.am-ը դիմեց նաև քաղաքապետարանին, որից ի պատասխան ստացվեց համապատասխան գրություն: Կոմունալ տնտեսության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ամենամյա մրցույթում հաղթող ճանաչված սանիտարական մաքրման ընկերությունները ստանձնելով Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքները Երևանի թվով 12 վարչական տարածքներում ամեն օր իրականացնում են վերոնշյալ աշխատանքները։
«Ինչ վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշ թաղամասի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի անկյունային հատվածի աղտոտվածությանը՝ տեղեկացնում եմ, որ հանձնարարվել է «Էրեբունի Մաքրություն» ՍՊ ընկերությանը անմիջապես հեռացնել կուտակված աղբը և նշված հատվածը մշտապես պահել հսկողության տակ»,- ասվում է քաղաքապետարանի գրության մեջ։
Քաղաքապետարանից նաև մեզ տեղեկացնում են, որ յուրաքանչյուր տարի մայիս-հունիս ամիսներին Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունն իրականացնում է Երևան քաղաքի 5 վարչական շրջանների ՝ դրանք են (Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ) տարածքով անցնող Գետառ, Ողջաբերդ և Ջրվեժ գետերի հուների մաքրման աշխատանքներ, սակայն որոշ անբարեխիղճ բնակիչների կողմից գետերի հուներում կրկին գոյանում է աղբի կուտակումներ։
Չնայած Քաղաքապետարանի կողմից տարածքը մաքուր պահելու մասին գրությունը ստացել ենք օրեր առաջ, բայց նշված վայրում դեռևս ոչինչ չի փոխվել: Այնուամենայնիվ հուսով ենք, որ Երևանի քաղաքապետարանի խոստումները չեն մնա միայն թղթի վրա և կդառնան իրականություն: Չէ որ գործադրվող բոլոր ջանքերը իրականացվում են հանուն մեր քաղաքի և հանուն բնակիչների բարօրրության: Իսկ, որոշ «անբարեխիղճ» բնակիչներին կցանկանայինք խնդրել լինել ավելի մարդկային և բարեկիրթ ու չկեղտոտեն սեփական տունը: YerevanNews.am-ը անպայմանորեն կհետևի այս խնդրի լուծման համար քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումներին: