Նոյեմբերի 15-ին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի երիտասարդական կենտրոնում կայացավ հերթկան բանավեճը:
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հետ, իրականացնում է «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբ ծրագիրը:
Ակումբի նպատակն է ներգրավվել երիտասարդներին քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներում` ընձեռելով հնարավորություն բարձրաձայնել իրենց տեսակետը, քննարկել իրենց ընկերների կարծիքները, գալ եզրահանգումների: Սա մի ծրագիր է , որի արդյունքում երիտասարդները հնարավորություն են ստանում ինքնաարտահայտվելու, այլ նաև թեմայի վերաբերյալ կատարել ուսումնասիրություն և կազմել ուրույն կարծիք:
Բանավեճի ակումբի թիմերն ուղղակի չեն ընդգրկվում և հրավիրվում խաղերին: Մինչ խաղերի մեկնարկը կազմակերպվում է «Բանավեճի հիմունքներ» թեմայով դասընթաց, որտեղ երիտասարդները ձեռք են բերում բանավեճին մասնակցելու անհրաժեշտ հմտություններ. Ինչպես պատրաստվել բանավեճին, ինչպես կառուցել և ներկայացնել խոսքը, ինչպես ցուցաբերել թիմային խաղ և այլն:
Յուրաքանչյուր մրցափուլ բաղկացած է մի քանի խաղերից՝ սկսած 1/8–րդից մինչև եզրափակիչ: Յուրաքանչյուր թիմ հնարավորություն է ունենում նույն փուլում ունենալ մեկ խաղ և հաղթանակի դեպքում մասնակցում է հաջորդ փուլի խաղին մինչև հաղթանակը կամ պարտությունը:
Թիմերի խաղը գնահատում են ժյուրին և հանդիսատեսը: Ժյուրիի կազմում ընդգրկված են բանավեճի արվեստում փորձառու մասնագետներ, ինչպես նաև բանավեճի թեմային մոտ ոլորտային մասնագետներ: Հանդիսատեսը հրավիրյալ երիտասարդներն են, որոնք խաղի վերջում քվեարկում են այն թիմի օգտին , ով առավելագույնս համոզիչ է խաղի ընթացքում:
Բանավեճի թեմաներն ընտրվում է «Երբ բանավիճում են երիտասարդները» ակումբի աշխատանքային խմբի կողմից, որը մշտապես ուսումնասիրում է առավել արդիական և երիտասարդին հուզող հիմնահարցերն ու վիճելի թեմա ձևակերպում դրանցից: Ինչպես նաև թեմաներ են առաջարկում Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կառույցները և, ընդհանրապես, յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել թեմա՝ ուղարկելով այն Խորհրդի էլեկտրոնային հասցեին /[email protected]/:
Այս անգամ ընտրված էին երկու թեմա.
1. «Հայ գեղարվեստական գրականության թվայնացումը նույնքան անհրաժեշտ է, որքան և հին ձեռագրերի թվայնացումը»:
2. «Հանրակրթական բոլոր դպրոցներում պետք է միանման համազգեստ լինի»:
Բանավեճի մշտական վարողն է Արտավազդ Ամիրյանը, ով ուրույն հետքրքրությունը է մտցնում խաղի մեջ:
«Բանավեճը ստացված կարելի է համարել, քանի որ զգացվում էր թիմերի պատրաստվածությունը: Բավականին հետաքրքիր փաստարկներ կային և փաստերի առկայությունն ավելի համոզիչ էր դարձնում թիմերի մոտեցումները: Իսկ ընդհանուր առմամբ, մեր ակումբը կայացել է և գնալով զարգանում է: Բանավեճի ակումբի կազմում արդեն կա ավելի քան 100 թիմ, և այս թիվն ավելանում է ամեն մրցափուլից հետո, քանի որ ծրագիրը շարունակական է. տարեկան անցկացվում է երկու մրցափուլ»- իր խոսքում նշեց ժյուրիի նախագահ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը:


