HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանը նոյեմբերի 17-ին, Վերաքննիչ քրեական դատարանում անժամկետ հացադուլ է հայտարարել: Աշոտ Առուշանյանը դատական նիստի ժամանակ ասել է, որ ինքը հացադուլ է հայտարարում այնքան ժամանակ, մինչև արդար դատավճիռ չկայացվի, ինչպես նաև հանդիպում է պահանջում Արդարադատության նախարաի հետ:
Այսօր՝ նոյեմբերի 18- ին, YerevanNews.am-ի թղթակցի հետ զրուցեց Աշոտ Առուշանյանի փաստաբան՝ Լիպարիտ Սիմոնյանը՝ ներկայացնելով հացադուլի նպատակը, և թե ի՞նչ ակնկալիքներ կան Արդարադատության նախարարից: Այն հարցին, թե ի՞նչ արձագանք է տվել Արդարադատության նախարարությունը կապված հացադուլի հետ, Լ. Սիմոնյանը պատասխանեց:
«Թերևս ոչ մեկ, ոչ մի արձագանք չի տվել: Եթե ես ասեմ, որ իրենք ինչ-որ պատասխան են տալու, կամ ասելու են «գնացեք, ձեր հարցը լուծված է» նման բան չենք սպասում: Իսկ հացադուլը վերջին միջոցն է պայքարելու: Արդարացման դատավճիռ պետք է կայացվի հետևյալ հիմնավորումով՝ առաջին ատյանի դատարանը, բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, որոշում կայացրեց որպես մեղադրյալ հարցաքննված, այժմ հանգուցյալ Արտաշես Գալստյանի նախաքնության ժամանակ տված ցուցմունքը և Աշոտ Առուշանյանի և Արտաշես Գալուստյանի առերես հարցաքննության ցուցմունքը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, սակայն դատարանն այդ ապացույցին տալով արժանահավատ վարկած անվանումը, մեղադրական դատավճիռ է կայացրել՝ դրանով իսկ թույլ է տվել Սահմանադրության և Քրեադատավարական իրավունքի խախտում»:
Փաստաբանի խոսքերով՝ հացադուլը կտևի այնքան ինչքան կդիմանան: «Չնայած ես իրենց հորդորել եմ, որպեսզի դադարեցնեն այն»:
Չնայած այն հանգամանքին, որ արդարադատության նախարարությունը դեռևս ոչ մի արձագանք չի ցուցաբերել Առուշանյանի գործով բողոքներին և հայտարարված հացադուլին, այնուամենայնիվ փաստաբաը հայտնեց, որ նրա հորը արդեն իսկ զանգահարել են նախագահի գրասենյակից և հրավիրել զրույցի: