Թափառող շների հարցով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը շորթում է պետության փողերը, անում ամեն բան՝ դրանք չծառայեցնելու կենդանիների ստերջացման նպատակին: Այսօր՝ նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Կենդանիների պաշտպանության «Դինգո թիմ» ՀԿ-ի իրավաբան Հեղինե Խաչիկյանը:
«Դինգո թիմ» ՀԿ-ն մտածված կերպով է հրաժարվել Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի անդամ դառնալուց և վերահսկողական աշխատանքներին մասնակցելուց, քանի որ բազմաթիվ սահմանափակումների ու խոչընդոտների են բախվել:
«Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստանում սկսի գործել կենդանիների ստերջացման կենտրոն: Մինչդեռ այս պահի դրությամբ չկա որևէ ՀԿ կամ կազմակերպություն, որը կունենա փակ կացարաներ, այնպիսի կառույցներ, որտեղ թափառող շները կկարողանան ձմեռել: Ցավալին այն է, որ մեր՝ հարկատուներիս գրպաններից գումարներ են գողացվում, որոնք այդպես էլ չեն հասնում նախանշված նպատակին՝ թափառող շների ստերջացմանը»,- նշեց Խաչիկյանը:
Ինչպես նաև նա նշեց, որ իրենք դիմել են ՏՄՊՊՀ՝ պարզելու՝ ինչպե՞ս է պատահում, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում ամեն տարի շահում է «Յունիգրաֆ իքսը»: «Պարզվում է, որ մրցույթի ներկարացրած պահանջները կարող է բավարարել բացառապես այդ ընկերությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ ընկերությունը մսխում է պետական փողերը, և ամենևին շահագրգիռ չէ, որ բյուջեից հատկացված գումարները (220000000 մլն դրամ) ծառայեն բուն նպատակներին: Իսկ այն հայտարարությունները, որ ինքը հաջորդ տարի չի մասնակցելու մրցույթին, ընդամենը լավ PR էր: Կփոխվեն անունները, սակայն գործը նույնը կմնա: Համոզված ենք, որ հաջորդ տարի մրցույթին կմասնակցի «Յունիգրաֆ իքսին» շատ մոտ կանգնած մեկ այլ ընկերություն»:
Հիշեցնենք նաև, որ վերջերս «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն հայտարարել էր, թե նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման 2015թ. մրցույթին։ Այս ամենը պատահեց ընկերության հասցեին հնչած բազմաթիվ մեղադրանքներից հետո: