Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ-ի առաքելությանն անվտանգության երաշխիքներ չի տվել ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի անկման վայրում քննություն անցկացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է Кавказский узел-ը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տեղի էր ունեցել ԵԱՀԿ պլանային մշտադիտարկում: Այն անցել էր առանց միջադեպերի, սակայն, չնայած ղարաբաղյան կողմի պահանջին, առաքելությունը հրաժարվել էր այցելել ադրբեջանցիների կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անկման վայր:

«Մենք փորձում էինք մշտադիտարկում իրականացնել ուղղաթիռի անկման վայրում, սակայն Բաքուն ԵԱՀԿ պատվիրակության անվտանգության ապահովման որևէ երաշխիք չի տվել»,- հայտարարել է Կասպշիկը: 

Շփման գծի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ԵԱՀԿ մշտադիտարկումը, ուղղաթիռի կործանման վայրից 12 կմ է հեռու:

«Ցանկացած մշտադիտարկում ավելի վաղ պլանավորվում է, որպեսզի նախապատրաստական աշխատանքներ իրականացվեն: Այս մոնիթորինգի հայտը ներկայացվել էր մինչև ուղղաթիռի միջադեպը: Ողբերգությունից հետո ես ցանկացա մշտադիտարկումն անցկացնել ուղղաթիռի անկման վայրում, սակայն Ադրբեջանում իմ գործընկերը հաղորդեց, որ այդ տարածքում իրավիճակը լարված է, և հնարավոր չէ ապահովել մեր աշխատանքի համար անհրաժեշտ անվտանգությունը»,- ասել է Կասպշիկը: