«Առավոտ» թերթը գրում է.
«Վերջերս հայտնի իրավաբաններից մեկը իմ ուշադրությունն է հրավիրել մի օրինաչափության վրա՝ Հայաստանում և մեզ նման երկրներում օրենսգրքերը «հաստանում են», իսկ Արևմուտքում՝ «նիհարում»: Մենք աշխատում ենք առավել մանրամասն նկարագրել բոլոր դեպքերը՝ սողանցք չթողնելու համար, ավելացնում ենք նորանոր հոդվածներ, իսկ Արևմուտքում ստեղծված ավանդույթներն ու մշակույթը «թեթևացնում են» օրենքները: Այս օրինաչափությունը հայտնի է դեռևս շատ հին ժամանակներից. մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարերում չինացի փիլիսոփա Լաո-Ցզին ասում էր՝ որքան շատ են օրենքները, այնքան շատ են ավազակները:
Դա կարելի է երկակի հասկանալ, մի կողմից՝ օրենքների առատությունը մարդկանց մոտ դրանք շրջանցելու գայթակղություն է առաջացնում, մյուս կողմից՝ ավազակների առատության պատճառով ստեղծվում են նորանոր օրենքներ։ Այդ փակ շրջանի հաղթահարումը կարող է տեղի ունենալ, ինչպես ընդունված է ասել, իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ, բայց վերջինս ձևավորվում է քաղաքացիների մեծամասնության՝ օրենքները կատարելու կամքով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: