Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված <<Ձեզ համար, կանայք>> անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ համաբուժարաններ է դիմել 429 կին, որոնցից 399-ը հետազոտություններ են անցել սրտաբանության և ակնաբուժական կլինիկաներում, 18-ը վիրահատվել են: Ակցիայի շրջանակում այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաև գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք և ստանալ համապատասխան անվճար բժշկական օգնություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:


Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ևս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է  ավտոբուսայինով: Բնակչությանը կսպասարկի մասնավորի կողմից ներկրված ևս  32 ավտոբուս: 
Անձրևային տեղումների ժամանակ  մայրաքաղաքում երթևեկության հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով համապատասխան կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել  հեղեղատարների մաքրման աշխատանքները:
2013 թվականի ծրագրերով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նախատեսված վերգետնյա հետիոտնային անցումների կառուցման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու նպատակով:


Մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների ու բակային տարածքների մաքրմանն ու աղբահանությանն անդրադառնալով` հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել չնախատեսված վայրերում աղբի կուտակման դեպքերը բացառելու ուղղությամբ:  Անդրադառնալով մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին` զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են. ըստ վարչական շրջանների ձևավորված են առանձին խմբեր` կից պատասխանատուներով: 


Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ոռոգման ցանցերի անցկացման և կանաչապատման աշխատանքների, այդ թվում  գարնանային ծառատունկի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է աշխատանքերում ակտիվորեն ներգրավել բնակչությանն ու համատիրություններին` ծառատունկեր կազմակերպելով նաև բակային տարածքներում:
Քաղաքապետը  հանձնարարել է  Հյուսիսային պողոտայի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների համալիր ծրագրի իրականացման մասով ներկայացնել հստակ ժամանակացույց:


Բազմաբնակարան շենքերի, արձանների, կամուրջների և ժայռային հատվածների արտաքին գեղավեստական լուսավորության հետ կապված <<Երքաղլույս>> ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ պարբերաբար գույքագրվում և վերացվում են լուսավորության ցանցում առկա թերությունները: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում Մյասնիկյան պողոտայի, Սարալանջի ճանապարհահատվածի և Հրազդանի կիրճի ժայռային հատվածների գեղարվեստական լուսավորության ապահովման ուղղությամբ: