Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանին հանձնեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար»,- նշել է դեսպանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: