«Հայ օդաչուներին տարհանելու գործողությունը շատ ջանք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից: Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց: Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել գործողության կազմակերպիչներից մեկի հետ: Այն ինչ մի երկու բառով պատմեց այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ: Անցած 2-3 օրերի ընթացքում մեր տղաները մանրամասն ուսումնասիրել են տեղանքը, թշնամու քանակը, նրանց տեղաբաշխվածությունը, առկա զենքի որակը...ամեն ինչ մի խոսքով: Նույն ժամանակահատվածում ուղղաթիռի խոցման վայրում և դրա հարակից տարածքներում թշնամու առնվազն հինգ հատուկ ջոկատային ոչնչացրել և վերջապես էսօր փառքով ավարտել իրենց գործը»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հավելում.
«Իսկական հերոսներն այդպիսինն են լինում, հալալ ա մեր զինվորներին և բանակի հրամանատարությանը: Վստահ եմ, որ հայ օդաչուների մարմինների տարհանման այս գործողությունը դասագրքային նյութ է դառնալու մեր, իսկ միգուցե նաև աշխարհի շատ այլ երկրների, ապագա հետախույզների և հատուկ ջոկատայինների համար»:
Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը այսօր հայտնեց՝ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: