«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզի երկու համայնքների ղեկավարների նկատմամբ չարաշահումների կծիկը նոր ընթացք է ստանում: Պարզվում է՝ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից բացի՝ հիմա էլ մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել Գորիսի նախկին քաղաքապետ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիմակից Նելսոն Ոսկանյանը:

Եվ այսպես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը 2000-2014թթ. իր պաշտոնավարման ընթացքում չարաշահել է լիազորությունները՝ կեղծ աճուրդների միջոցով ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով: Ոսկանյանը շահույթ ստանալու նպատակով հիմանդրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը ևս իրականացրել են այդ ժամանակահատվածում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Ոսկանյանի հարազատները: Ի դեպ, հենց այդ ընկերության հետ կնքվել են համայնքի կարիքները հոգալու պայմանագրեր, որոնցով նախատեսված գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունքում համայնքի շահերին պատճառվել է էական գույքային վնաս: Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 308 հոդվածի 1-ին մաս (յոթ դրվագ) և 310 հոդվածներով:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը, լսելով հարցը, ասաց, որ ինքը հիվանդանոցում է և առողջական լուրջ խնդիրներ ունի. «Եթե նման բան կա, ես սրա հետ գործ չունեմ, ինչ ասեմ, ոնց պատասխանեմ: Հիվանդ պառկած մարդ եմ, գոնե թողեք բուժվեմ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: