«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ Աժ-ի երկու՝ Արտաքին հարաբերությունների և Տնտեսական հանձնաժողովները կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով: Խորհրդարանի վեց խմբակցություններից առնվազն երեքի ներկայացուցիչները, կարելի է ասել, չմասնակցեցին երեկվա խորհրդարանական լսումներին: ՀԱԿ-ից մասնակցում էր միայն Նիկոլ Փաշինյանը, ով չի ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը:

Որոշ ժամանակ ներկա լինելով դահլիճում՝ նա ոչ հարց տվեց զեկուցողներին, և ոչ ելույթ ունեցավ: 35 հոգանոց ԲՀԿ խմբակցությունից մի շատ կարճ ժամանակով դահլիճում էին Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ովքեր ևս ոչ մի կերպ չարտահայտեցին ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը: ՀՅԴ-ից լսումներին ներկա էր նախ՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, իսկ հետո՝ Արծվիկ Մինասյանը, ովքեր նույնպես չմասնակցեցին քննարկումներին՝ ոչ հարցերի, ոչ ելույթների տեսքով: Ամենայն հավանականությամբ, այս խմբակցություններն այդպես էլ դիրքորոշում չեն արտահայտի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ, նույնիսկ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես կքննարկվի խորհրդարանում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: