Ազգային Ժողովի պահվածքը անթույլատրելի է, այս մասին ասվում է Սինջար եզդիների ազգային միավորման հաղորդագրության մեջ: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Ամիսներ առաջ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր մի նախագիծ, ըստ որի ԱԺ-ն հայտարարության տեսքով պետք է դատապարտեր Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների, հույների և այլ ազգային, կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը:

Այս հայտարարության նախագիծն ըստ կարգի քննարկման էր դրվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձանաժողովում: Ի վերջո ԱԺ նշված հանձնաժողովը մերժել էր պատգամավորի առաջարկը և թույլ չէր տվել նախագիծը դնել քվեարկության:

ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նման պահվածքը չի կարող ընդունելի լինել ՀՀ քաղաքացիների համար: Մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և ինքներս չենք փորձում դատապարտել Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ոճրագործությունները:

Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության համար անընդունելի է նաև այն, որ Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել էր, թե որքանով է շահեկան Հայաստանի համար նման նախագծի ընդունումը: Այս ամենը վկայում է մեկ բանի մասին, որ մենք ինքներս չենք հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, փորձելով նույն ժամանակահատվածում կոտորված այլ ժողովուրդների ցեղասպանությունների մեջ քաղաքական շահ փնտրել»: