Ուրախ եմ, որ ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Ֆրանսիա նշանավորվում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչության մասնակցությամբ ֆրանս-հայկական գործարար համաժողովի անցկացմամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ֆրանսիա-Հայաստան գործարար համաժողովի բացմանը: Նա մասնավորապես ասել է.
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին 22 տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացել է համակողմանի փոխշահավետ համագործակցություն: Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» եւ այլն: Սա, անշուշտ, ենթադրում է կարևոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները:
Ուրախալի է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա ևս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար:
Ահա այս դրական փորձի հիմքի վրա է, որ պետք է ընդլայնենք և ամրապնդենք մեր տնտեսական կապերը:
Հարգելի գործարարներ, այսօրվա տնտեսական համաժողովը կրում է «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագիրը: Այն կազմակերպիչների արագ և ժամանակային առումով տեղին արձագանքն է ներկայիս ստեղծված իրավիճակին, որն իրենից ներկայացնում է առավելություններ և հնարավորություններ:
Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` հաշվի առնելով մեր ազգային, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը:
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որևէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարևորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը:
Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է եվրոպականին: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարևանությամբ:
Եվրամիության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համար:
Մենք գիտակցում ենք նաև, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաև գործարարությունը խթանելու հանգամանքներից: Ուստի, պատրաստ ենք շարունակել ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա:
Հարգարժան գործարարներ, լիահույս եմ, որ դուք լավագույնս կօգտվեք համաժողովի ընձեռած հնարավորություններից նոր գործընկերային կապեր հաստատելու համար: Այդ ակնկալիքով մաղթում եմ Ձեզ հաջողություններ»: