Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետներին և ռազմական ներկայացուցիչներին:
Հանդիպման թեման նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ օդուժի ուղղաթիռի խոցման և անձնակազմի ճակատագրի շուրջ զարգացումներն էին:
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ափսոսանք է հայտնել միջազգային հանրության միջնորդական գործունեության նկատմամբ Ադրբեջանի հարուցած խոչընդոտների կապակցությամբ, որոնք թույլ չտվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն դուրս գալ խոցված ուղղաթիռի շուրջ ձևավորած փակուղուց: Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող ապատեղեկատվությունը և իրականացված հատուկ գործողության հերքումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարման, ինչպես նաև զոհված հակառակորդի նկատմամբ բարոյապղծման ևս մեկ վառ օրինակ: Այս հարցով Ադրբեջանի սանձազերծած ապատեղակատվական արշավը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրների կատարման անկարողության կոծկում ադրբեջանական զինուժի կողմից:
Տեղեկացնենք նաև, որ նույն բովանդակությամբ տեղեկատվություն Դավիթ Տոնոյանը փոխանցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարին: