Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս մասին ահազանգել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
«Յուրաքանչյուր երկուշաբթի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ըստ հասցեների Ձեզ զեկուցվում է ապօրինի շինարարությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, սակայն դրանք ոչ միայն չեն պակասում, այլ շարունակվում են: Այս մասին են վկայում քաղաքացիների ահազանգերն ու լրատվության հաղորդումները:
Վերջին օրերին շատ խոսվեց Կենտրոն վարչական շրջանի Թամանյանի արձանի դիմացի այգում ընթացող շինարարության մասին, որի վերաբերյալ չկա շինթույլտվություն, այլ 04.08.2014 թ. տրվել է սրճարանի տարածքի որոշակի բարեկարգման, հարդարման և երկու տաղավարների միջև ընկած հարթակի սալիկները փոխելու համար համապատասխան էսքիզային նախագիծ: Ազատություն ռադիոկայանի նոյեմբերի 26-ի երեկոյան հաղորդման մեջ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասում է, որ այն համապատասխան հանձնաժողովում չի քննարկվել, ավելին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը նման նախագծի հավանություն չի տվել:
Շինհրապարակում փակցված չէ շինթույլտվության և բարեկարգման վերջնական տեսքի գովազդը, այսինքն այս աշխատանքներն իրականացվում են օրենքի խախտմամբ:
Ամենաթարմ մեկ այլ օրինակը Երևանի Հալաբյան 17 հասցեում իրականցվող շինարարությունն է, որի լուսանկարը կից ուղարկում եմ, որից պարզ երևում է, որ այնտեղ իրականացվող շինարարությունը ապօրինի կառուցապատում է և վստահ եմ, որ բնակիչների կարծիքը բնավ հաշվի չի առնվել՝ հակառակ բնակիչների մասնակցությունն ապահովող Երևանի ավագանու ընդունած համապատասխան որոշման:
Այս փաստերը վկայում են այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ շարունակվում են Երևանի տարբեր վայրերում ապօրինի կառուցապատումները, որոնց հովանավորները բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Արձանագրենք, որ ոլորտում անարգել թևածում է կոռուպցիան, որի դեմ, իբրև թե պայքարում է գործող իշխանությունը»: