Նիկոլ Փաշինյանի մտադրությունն արդեն մի քանի օր է խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը: Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու ՀԱԿ պատգամավորի հայտարարությունն անհանգստություն է առաջացել, իսկ շատերն էլ չունեն սպասելիք, որ կիրականանա ծրագիրը: Թեև հարցի վերաբերյալ կուսակցությունները դեռ չեն շտապում պաշտոնական դիրքորոշում հայտնել, բայց շարքերում տիրող անհանգստությունից ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ իշխանական դաշտի իլյուստրացիա է նախաձեռնել` հասարակության համար փորձելով բացահայտել որոշ կուսակցությունների դիրքորոշումը:
Փաշինյանը հիմա որոշման նախագիծն է պատրաստում, որից հետո այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական ուժերին՝ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցն արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար: Նա կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրում է պատգամավորներին Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթաց սկսել:
Այս թեմայի հետ կապված Yerevannews.am-ը կապ հաստատեց Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով լրագրողի հարցին, թե արդյոք ինչպես եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի Նախագահին Իմպիչմենթ հայտնելու հայտարարությանը, և ի՞նչ դիրքորոշում ունի Ժառանգություն կուսակցությունը, պատասխանեց. «Շատ սովորական: Ժառանգությունն առհասարակ այնքան հստակ դիրքորոշում ունի. իշխանափոխության կողմնակից ենք, այդ թվում նաև նախագահի, որևէ արտառոց իրավիճակ դրա արդյունքում չի լինելու, ո՛չ հանրապետական մեծամասնությունն է կողմ քվեարկելու, ո՛չ էլ իրավիճակ է փոխվելու»: