Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենտլի» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու միջոցով վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան:
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: