ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին»նախագծով ելույթ ունեցավ վերջին քառօրյայի ընթացքում:
ԲՀԿ անդամ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագծի հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ԲՀԿ մոտեցումն այդ հարցին.
1. Նախաձեռնության մեջ մենք տեսնում ենք երկրի առաջ ծառացած խնդիրների և մարտահրավերի վերաբերյալ պատգամավորի մտահոգությունները:
2. Օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր է դրել՝ Հայաստանում իրականացնել արմատական և անշրջելի համակարգային լրջագույն փոփոխություններ, որոնց արդյունքում լուծում կստանան հենց այդ՝ բարձրացված խնդիրներն ու մարտահրավերները: Նշեմ, որ համաժողովրդական շարժման դռները բաց են ցանկացած գործչի և ցանկացած մտահոգ քաղաքացու համար:
3. «Բարգավաճ Հայաստան»-ն իր քաղաքական գործընկերների հետ որդեգրել է բացառապես ճշգրիտ քայլերի և սթափ հաշվարկներով հաջողության հասնելու ու ժողովրդին կիսաքայլերով հուսախաբ չանելու ճանապարհը:
4. Բոլոր ռացիոնալ հաշվարկները ցույց են տալիս, որ Փաշինյանի նախաձեռնության համար անհրաժեշտ՝ առաջին փուլում՝ 66, իսկ հետագայում՝ 88 ձայնը խորհրդարանում չի հավաքվելու: Տվյալ պարագայում այս նախաձեռնությունն ընդամենը կրելու է երաշխավորված մեկ քայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում: